Ծրագրի մասին

Tech2Life նախաձեռնությունը իրականացվում է  ՄԱԶԾ և ՅՈՒՆԻՍԵՖ «Բարելավված ծառայություններ հավասար մասնակցության և ներառական զարգացման համար» համատեղ ծրագրի շրջանակներում։ Այն միտված է օժանդակելու աջակցող տեխնոլոգիայի համար Հայաստանում նպաստավոր միջավայրի զարգացմանը՝ ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց, այլ աջակցող տեխնոլոգիայի կարիք ունող այլ անձանց, ներառյալ տարեցներին, հնարավորություն տալով ապրել առողջ, արդյունավետ, անկախ և արժանապատիվ կյանքով և մասնակցել կրթությանը, աշխատաշուկային և քաղաքացիական կյանքին:

Ամբողջ աշխարհում, աջակցող տեխնոլոգիաները հասանելի չեն կարիք ունեցող անձանցից շատերին, և երկրներից շատ քչերն ունեն աջակցող տեխնոլոգիաների ազգային քաղաքականություն կամ ծրագիր: Tech2Life նախաձեռնությունը միտված է Հայաստանում ստեղծել և զարգացնել աջակցող տեխնոլոգիաների էկոհամակարգ, որը հետագայում կարող է կրկօրինակվել նաև այլ երկրներում։

ՄԱԶԾ և ՅՈՒՆԻՍԵՖ «Բարելավված ծառայություններ հավասար մասնակցության և ներառական զարգացման համար» համատեղ ծրագիրը նպատակաուղղված է ամրապնդելու հիմնական ծառայությունների մատուցման համակարգը Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաներին ու մեծահասակներին շարունակական խնամք տրամադրելու միջոցով։ Սա ներառում է բուժական և վերականգնողական, առողջապահական, սոցիալական և զարգացման ծառայությունները։ Ծրագիրը կոչված է աջակցելու Հայաստանի Հանրապետության կառավարությանը հաշմանդամության գնահատման և ծառայությունների մատուցման համակարգի բարեփոխմանն ուղղված իր ջանքերում հաշմանդամություն ունեցող անձանց համար ծառայություններից օգտվելու հավասար հնարավորություններ ապահովելու և հասարակական կյանքին նրանց մասնակցությունը խթանելու միջոցով։ Ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականացվում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և այլ նախարարությունների հետ սերտ գործընկերությամբ: